Մարտի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում՝ Բեյրութի Սբ. Հովսեփ եկեղեցու լեփ-լեցուն դահլիճում: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Երեկոյի ընթացքում հնչեց Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, մենակատարներ՝ Յասկո Ֆուջի (սոպրանո), Կլարա Պրեսլենդ (մեցցո սոպրանո), Իրակլի Մուրջիկնելի (տենոր) եւ Սաշա Չանոյ (բաս): Բեմում էին նաև լիբանանյան կոնսերվատորիայի, Անտոնին և Նոտեր Դամ համալսարանների երգչախմբերը:
Մաեստրո Մարչիանոն, ով աշխատել է մի քանի աշխարհահռչակ նվագախմբերի հետ, ներառյալ Ջորջ Էնեսկու ֆիլհարմոնիկը, բարձր գնահատեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտների պրոֆեսիոնալիզմը և շնորհակալություն հայտնեց նվագախմբին հիանալի աշխատանքի համար:
Սա երիտասարդականի առաջին համերգն էր «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում: Առջևում դեռ սպասվում է երեք գեղեցիկ համերգ: Մարտի 21-ին Էմիլ Բուստանի համերգասրահում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կհնչեն Անտոնին Դվորժակի «Վայրի աղավնին», Ռոբերտ Շումանի «Թավջութակի կոնցերտը», մենակատար` Անտոնիո Մենեսես (թավջութակ) և Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավեր է ստացել «Ալ Բուստան» միջազգային փառատոնից՝ հանդես գալու որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ: Համերգային ծրագիրը ներառում է դասական երաժշտության լավագույն օրինակներ, որոնք հանդիսատեսին կներկայացվեն համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների մասնակցությամբ: